PDA

View Full Version : Հիմնադիրն ու ֆաշիզմը



Artak
04-15-2009, 12:58 PM
Հիմնադիրն ու ֆաշիզմը
Վահան Իշխանյան (http://www.tert.am/blog/?p=667)


Ժամը 7-ին հեռախոսը զանգեց: Ո՞վ կլինի. հաստատ դրսի զանգ ա, Ամերիկայի: Ալո, արա, Վահան, աչքդ լուս, օպերայի հայաթը ցրել են: Ընկերս` Լոսից, առավոտ քշերով զանգել ա, որ հայտնի էն, ինչ եղել ա ինձնից հինգ կմ-ի վրա: Ես չեմ իմացել, իսկ լուրը թռել ա արագ ԱՄՆ: Ի՞նչ ես ասում, հաստա՞տ,- ուրախ- ուրախ հարցնում եմ: Հա, հաստատ,- ու խնդում ա ուրախությունից լսափողի էն ծերում:


2008 թվի մարտի մեկն է: Բայց դեռ ուրախանալ պետք չէր, ինչպես ասում է Կաշչեյ Բեսմեռտնին` рано радуешься, Иван царевич, рано:

Այո, մարտի մեկի առավոտյան ցույցը ցրելով չավարտվեց լևոնական շարժումը, իշխանությունը այնքան ապաշնորհ եղավ, որ թույլ տվեց կատաղած ամբոխը կրկին հավաքվի ու ավերածություններ ու զոհեր բերի իր հետ, բայց մարտի երկուսին աղետը կանխված էր թվում:

Մեկ տարի անց` Ֆաշիզմը դեռ շառաչում է, ու Լևոնը ժողովրդավարական սողանցք է հայտնաբերել իշխանությունը տապալելու համար Երևանի քաղաքապետի ընտրություններում:

Ֆաշիզմ, այսօր այս բառը հաճախ է հանդիպում` նույնացվելով միայն ազգայնականության հետ: Տնտեսագետ, 7or.am-ի խմբագիր Անդրանիկ Թևանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ֆաշիստ ու ֆյուրեր է անվանում` «Մենք պետք է կառուցենք «Հայկական աշխարհ» խոսքի համար http://www.7or.am/hy/news/2009-03-30/613/ : Իսկ Հիմնադրի պատվերով երեկ «Հայկական ժամանակի» էջերում դավաճաններ որսացողը, այսօր 7or.am -ի մեկնաբան դառնալով, օդի մեջ որսում է Թևանյանի թարմ պատվերը ու ֆաշիզմ փնտրում իշխանության կառույցներում:

Ֆաշիզմի ամենակարևոր երկու հատկանիշները` ունենալ կամ լինել առաջնորդ եւ ստեղծել թշնամու կերպար, Տիգրան Սարգսյանը չունի: Առանց հետևորդների` «զավակների» դժվար է պատկերացնել ֆյուրեր, կամ առնվազն կլինի ֆյուրերի ծաղրանկար, որ անվտանգ է: Այլ հարց է, որ Տիգրան Սարգսյանի տնտեսական անարդյունավետ քաղաքականությունը, ճգնաժամի ժամանակ հարկային ճնշումները, բողոք է առաջացնում, որը ճանապարհ է բացում իսկական ֆաշիզմի համար:

Ըստ ժամանակակից մեկնաբանների` պարտադիր չի, որ ֆյուրերը, հայրը`առաջնորդը, լինի ազգայնական, ու նաև` ամենաազգայնական ֆյուրերն էլ, եթե ամբոխ չունի, եթե հայր չի ընկալվում, ֆաշիզմի հետ քիչ կառնչվի:
Ազգային գաղափարները այսօր դիտարկվում են նաեւ ժամանակակից բազմամշակութային եւ նաեւ իմպերիալիզմի դեմ առաջադիմական շարժումների կոնտեքստում, իսկ ֆաշիզմի դրսևորումները այլ տեղեր էլ են երևում: Սյուզան Զոնթագը գրում է.

«Ֆաշիզմը ներառում է իդեալներ, որոնք այսօր հանդես են գալիս այլ դրոշի տակ. իդեալ` կյանքը որպես արվեստ, գեղեցկության պաշտամունք, տղամարդկայնության ֆետիշացում, տարրալուծում կոլեկտիվի էքստազային զգացման մեջ, բանականության նվաստացում, միավորվել մարդկության միասնական ընտանիքում` առաջնորդի հայրությամբ: Այս իդեալները կենդանի են ու կենսունակ շատ մարդկանց համար»:

Մի պահ կենտրոնանալով տղամարդկայնության ֆետիշացման վրա` մեջբերեմ նաև Ումբերտո Էկոյի «Հավերժական ֆաշիզմ» էսսեից. «Քանի որ տևական պատերազմը, ինչպես նաև հերոսությունը բավականին բարդ խաղեր են, ուռ-ֆաշիզմն իր իշխանության ձգտումը փոխադրում է սեռական ոլորտ: Սրա վրա է հիմնված առնականության պաշտամունքը (այսինքն` քամահրանք կնոջ հանդեպ և անողոք հալածանք ցանկացած ոչ կոնֆորմիստական սեռական սովորությունների դեմ`ողջախոհությունից մինչև միասեռականություն)»: Այս կոնտեքստում պատահական չի, որ լևոնական «Հայկական ժամանակը» ֆետիշացնում է տղամարդկությունը` հակառակորդներին վիրավորելու համար կնոջ անուններ կպցնելով, ինչպես ամենաթարմ այս օրինակում. «Այդ երիտասարդի անունը ոչ թե Էդուարդ Շարմազանով է, այլ Էդիտա Շարմազանով կամ գուցե` Մարիշ: Ազգանունը ոչ թե Շարմազանով է, այլ` Բոզիկյան»: Իսկ թերթում քաղաքական հակառակորդների դեմ խորագիրն էլ կոչվում էր գեյ պառադ: ֆաշիստական այս հատկությունը հարազատ է հայկական մամուլում «Հայոց աշխարհին» ու «Չորրորդ իշխանությանը»:

Զոնթագի նկարագրած որևէ խումբ, եթե քաղաքական իշխանության չի ձգտում ու իր ներսում, ուղեղը անջատած, տարրալուծվում է կոլեկտիվի մեջ իր առաջնորդի պաշտամունքի ներքո, ինքնին կամ այնքան վտանգավոր չի, բայց եթե այդ խումբը հավակնություն ունի իշխանությունը առնելու, դա արդեն աղետալի կարող է լինել:
Ռուս մեկնաբան Յուրի Կուզնեցովը գրում է.

«Ինչ ասես կարող է լինել Ֆաշիզմի գաղափարախոսությունը` ազգայնականից մինչև կոմունիստական, մինչև կրոնական գաղափարներ (խաչակրաց արշավանքներ, ինկվիզիցիա, XVII դարում հերձվածողների նկատմամբ հաշվեհարդար)` միայն թե գտնվի ֆորմալ միավորող բան»:

Իսկ երբ այդ ֆորմալ միասնությունը լինում է, ապա ստեղծվում է ֆաշիզմի կուզնեցովյան սահմանումը. «Մենք ճիշտ ենք, քանի որ մենք միասին ենք (մնացած ամեն ինչը, որ ներկայացնում են ֆաշիստները, դեմագոգիայից ավելին չէ)»:

«Մենք ճիշտ ենք, քանի որ մենք միասին ենք», սա լևոնական շարժման բուն էությունն է, մնացածը դեմագոգիա է ու հակասությունների կույտ (որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, մեկ- երկու օրինակով բավարարվեմ. ԼՏՊ-ն հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանը 1998 թվին անօրինական է դարձել նախագահ, իր քաղաքական հակառակորդներին մեղադրում էր, որ 1998 թվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին չմիացան Դեմիրճյանին, երբ ինքը միևնույն ժամանակ մասնակցել էր Քոչարյանի ինաուգուրացիային և շնորհավորել նրան: Տարիուկես առաջ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը որակում էր ձախողված ու կռախի մատնված բուրջհամուդյան (սփյուռքն էլ ոտի տակ գցելով), իսկ անցած աշնանը` գովում որպես հավասարակշռված`կոմպլեմենտ� �ր, բոլորին թշնամեցնում իշխանության դեմ` այն թաթար- մոնղոլական անվանելով, որի արդյունքում իրենց զոհեցին երիտասարդ տղաներ, իսկ մեկ տարի անց, այս տարվա մարտի մեկի հանրահավաքի ելույթով, համագործակցության նետվում այդ իշխանությունների հետ և այլն: Սա միայն մի փոքր մասն է հակասությունների, որ քաղաքականության մեջ գաղափարի ու ծրագրի բացակայությունը պատեհապաշտությամբ փոխարինելու սովորական հետևանք է, սակայն ամբոխի համար իր առաջնորդի ասածներն անվիճարկելի են, նա միտքն անջատած ենթակա է առաջնորդի յուրաքանչյուր խոսքին. «Զանգվածը ծարավ է հնազանդության։ Զանգվածում անհետանում է անհատականությունը, անհատը հրաժարվում է իր իդեալից և այն փոխարինում առաջնորդի մեջ մարմնավորված զանգվածային իդեալով», Ֆրեյդ):

«Ինչո՞ւ ֆաշիստ։ Չէ՞ որ Տեր-Պետրոսյանը միայն ժողովրդավարության ու ազատության անունից է խոսում»,- հարց կտա բանավեճի պատրաստ լևոնականը:

Ասա`ինչ համակարգ ես ուզում, և կասեմ` ով ես դու: Ժողովրդավարություն ու ազատություն բառերը միայն պրոպագանդիստական արժեք ունեն, եթե չեն բերում իրենց հետ դրանց մեխանիզմները: Աֆրիկայից մինչև Լատինական Ամերիկա բոլոր դիկտատորները ազատության ու դեմոկրատիայի անունից են հանդես եկել, իսկ Սովետական Միությունը հռչակում էր իրեն ամենաազատ ու դեմոկրատական երկիրը (Լենինը կասեր` լսեցի՞ր, Նադյա, ամենավտանգավորները նրանք են, ովքեր մեր անունից ժողովրդին այլ բաներ են ասում):

Սակայն ժողովրդավարությունը միս ու արյուն է ստանում միայն մեխանիզմներով ու ինստիտուցիաներով, ժողովրդավարության ու լիբերալիզմի էությունը ոչ թե լոզունգներն են ու այդ լոզունգները մանտրայի պես օրը հազար անգամ կրկնելը, այլ դրանք իրագործելու մեխանզիմները, այլ կերպ` ժողովրդավարության գաղափարախոսությունը հենց մեխանիզմն է: Ժամանակակից ժողովրդավարության սկզբնավորողները` ամերիկյան ժողովրդավարության հայրերը, ստեղծեցին մի Սահմանադրություն, որը մարդու ազատությունը երաշխավորում էր բազմաթիվ մեխանիզմներով, ինչպես Նեգրին է գրում. «Իշխանությունը չի հանդիսանում մի այնպիսի բան, որ իշխում է, տիրում է մեր վրա, այլ մի բան, որ ստեղծում ենք մենք: Ամերիկայի անկախության դեկլարացիան անսովոր պարզությամբ փառաբանում է այդ իշխանության նոր գաղափարը: Մարդկության ազատագրումը ամեն տեսակի տրանսցենդենտալ իշխանությունից հիմնավորվում է զանգվածների ընդունակությամբ` ստեղծել իր սեփական քաղաքական ինստիուտներն ու արձանագրել դրանք»:

Այդ ինստիտուտները արձանագրված են Սահմանադրությամբ և նահանգային օրենսդրություններով:
«Ժամանակ Երևան» օրաթերթում 2007թ. հրապարակածս նյութը հենց այս մասին էր «Ո՞վ է այդ մեկ մարդը. ասա` ինչպիսի Սահմանադրություն ես ուզում, եւ ես կասեմ` ինչ պետություն է ուզածդ» http://www.zhamanak.com/article/7215/ ։ Խմբագիր Արմինե Օհանյանին հանելու պատճառներից մեկն էլ այս հոդվածն էր: Միայն մի մեջբերում.

«Սովետի Սահմանադրությամբ էլ էր իշխանությունը ժողովրդին պատկանում, բայց 6-րդ հոդվածով այդ իշխանությունը տրվում էր Կոմկուսին: Թե ում է պատկանում իշխանությունը, կիմանանք ոչ թե Սահմանադրության մեջ գտնելով այդ հարցի պատասխանը, ինչպես վստահ է Փաշինյանը, այլ՝ թե ինչպես, ինչ մեխանիզմներով է պատկանում: Արժե հիշել դեռեւս պատմություն չդարձած 95 թվի Սահմանադրության նախագահի, կառավարման եւ դատական համակարգի բաժինները՝ պարզ դարձնելու համար, որ իշխանությունը ոչ թե ժողովրդին էր պատկանում, այլ՝ մի մարդու, եւ այդ մեկը նախագահն էր. նա է նշանակում եւ ազատում նախարարներին, վարչապետին (սա էլ մարզպետներին), գլխավոր դատախազին, նրա տեղակալներին եւ դատախազության ստորաբաժանումների գլխավոր դատախազներին, Երեւանի քաղաքապետին, նշանակում է բոլոր դատական ատյանների նախագահներին ու դատավորներին, Սահմանադրական դատարանի անդամներից չորսին ու նախագահին, կարող է դադարեցնել դատավորների լիազորությունները, նրանց կալանավորելու համաձայնություն տալ, նշանակումներ կատարել քաղաքացիական պաշտոններին, կարող է արձակել Ազգային ժողովը եւ այլն: Այդ մի մարդու նշանակած դատական եւ իրավապահ համակարգն էլ որոշում էր՝ ընտրությունները կեղծվե՞լ են, թե ոչ, հանցանք կատարվե՞լ է, թե ոչ: Եվ Տեր-Պետրոսյանի ու այլ քաղաքացիների «հանցագործ վարչակազմ» որակումը՝ ուղղված ներկա իշխանություններին, առաջանում է հենց նման Սահմանադրության պայմաններում, երբ վերեւից կախված դատարանը, դատախազը անկարող են որոշել հանցանքը, ու նրանց փոխարեն դա անում են ուրիշները: Բրգաձեւ համակարգն արդեն ձեւավորվում էր 91 թվականի նախագահական ընտրություններից հետո, սակայն իր իրավական հաստատումը ստացավ 95-ին: Մինչ այդ դեռեւս հնարավոր էր, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվեր ընդդիմադիր գործիչ. այդպես 1991 թվին Աշտարակի քաղաքապետ (գործկոմի նախագահ) ընտրվեց դաշնակցական Հովհաննես Սուքիասյանը, սակայն արդեն ձեւավորվող բուրգը չէր կարող հանդուրժել իշխանության մեջ օտար մարմին, եւ նրան 92թ. սպանեցին: Միայն իշխանափոխությունից հետո բացահայտվեց հանցագործությունը, սակայն 2000-ին դատապարտվեցին միայն կատարողները, թեեւ բազմաթիվ վկայություններ կային, որ սպանությունը պատվիրել են ՀՀՇ-ի վերնախավի բարձրաստիճան պաշտոնյաներ: Սահմանադրությամբ փակվեց ընդդիմադիր գործչի՝ որեւէ պաշտոնում ընտրվելու ճանապարհը»:

Ինձ պատասխան գրեց Արտյոմ Խաչատրյանը, այսօր արդեն «Ազատամտություն» օրաթերթի հրատարակիչը, որը երկրի զարգացման համար ավելի կարևոր էր համարում բարոյականությունը, քան հաստատությունները: Ես էլ նրան պատասխանեցի, սակայն Արմինեն այն չտպեց: Պատասխանումս գրել էի.

«Ինչպես քաղաքագետ Ժիրայր Շալյանն է ասում. «Ես հավատում եմ հաստատություններին, ոչ մարդկանց: Դուք կարող եք փոխել ձեր հաստատությունները»: Կարելի է վերաձեւակերպել` հավատալ այն մարդկանց, որոնք հաստատությունների փոփոխություն են խոստանում, եւ ոչ թե անձերի:

Իսկ ո՞րն է Տեր-Պետրոսյանի «մեխանիզմը». 95-ի Սահմանադրությունը, որ փակում է որևէ սողանցք ժողովրդավարական զարգացումների, անհատի նախաձեռնության համար, մի բուրգ, որի բոլոր որոշումները կախված են մի մարդուց` բրգի գագաթին նստածից: Դա մի համակարգ է, որն ամենալավը բնորոշել է նրա սյուներից մեկը` Վազգեն Սարգսյանը` «մեր դեմ խաղ չկա», իսկ նախագահը իր իշխանության հենարանի մասին խորհրդարանին ասել էր` Վազգենի ճկույթը չեմ փոխի ձեզ հետ: Այսինքն` մի ճկույթը ավելին արժե, քան բազմաթիվ մարդկանց նախաձեռնությունները:

Բայց կարո՞ղ էր, չէ՞, մարդը փոխված լիներ, 10 տարին խորհելու մի ժամանակընթաց է, որ մարդուն իր հայացքները վերագնահատելու հնարավորություն է տալիս: Ջնջենք, մոռանանք անցած մութուցուրտ տարիները ու տեսնենք` ի՞նչ է ասում վերադարձող գործիչը: Ստոպ: Պողոս առաքյալ փնտրելը մի տափակ լավատեսություն էր, որ փլուզվեց ԼՏՊ-ի հենց առաջին ելույթներից, երբ նա հստակ սկսեց ձևակերպել թշնամու կերպարը` մոնղոլ- թաթարներ, ավազակապետություն որակելով իշխող անձանց` Ռոբերտին և Սերժին, ու նրանց պատկանելությամբ ազգի մի հատված` ղարաբաղցիներին ( http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1180&AID=2922&lng=arm ): Ինչպես Կուզնեցովն է գրում. «Ֆաշիզմը միշտ պետք է թշնամի ունենա, հակառակ դեպքում ո՞ւմ դեմ պայքարել»: Թշնամու գաղափարը ֆաշիզմում ամենաառանցքայինն է:

Իսկ ով համաձայն չի և իրենց հետ չի պայքարում թշնամու դեմ որակվում է` դավաճան, ախք, դհոլ, տականք, քոչվոր ու նման բաներ: Բայց ամենագլխավոր պիտակը` դավաճան։ Էկոն գրում է. «Ուռ-ֆաշիզմի աչքում անհամաձայնությունը դավաճանություն է»:

Երկրի կայունությունն էլ ԼՏՊ-ն միայն անհատներով բացատրեց` ընդհանրապես անտեսելով ինստիտուցիաները, մի ելույթում ասելով, թե համակարգի հավասարակշռությունը խախտվեց Վազգեն Սարգսյանի և Դեմիրճյանի մահով, կարծես մինչ այդ դրախտում էր երկիրը: Եվ ոչ մի համակարգային փոփոխության, ոչ մի մեխանիզմի առաջարկ:

Մի անհատին մյուսով, Սերժին իրենով փոխելու գաղափարը դարձավ նրա շարժման միակ շարժիչ ուժը, երկիրը բարեփոխելու գործիքը ոչ թե ժողովրդավարական բարեփոխումներն ու մեխանիզմներն են, այլ անհատը` ինքը, իրեն գործիք հռչակելով:

Եվ այն հարցին, թե` եթե անհատների փոփոխություն է լինելու, ապա ո՞րն է նախընտրելի, «ավազակապետական» համակարգ» ստեղծո՞ղ անհատը, թե՞ այդ համակարգի մեջ հաջող կարիերա արածը (սովետական համակարգը ստեղծող Ստալի՞նը, թե՞ նրա մեջ կարիերա արած Բրեժնևը), ողջամիտ մարդու պատասխանը կանխատեսելի է: Բայց միայն` ողջամիտ, իսկ «Ֆաշիզմը բանականության նվաստացումն է»:

Ժողովրդավարական համակարգային փոփոխությունների գաղափարները ոչ թե Հիմնադրի մտավոր կարողություններին հասու չէին (սա մտքի խնդիր չէ, այլ աշխարհայացքի), այլ նա այդ մեխանիզմների գաղափարներին դեմ մարդ է: Ինքնասիրահարված ու ինքնակենտրոնացած անհատը, որի յուրաքանչյուր քայլ ուղղված է իրեն պաշտողների թիվը ավելացնելու վրա, չի կարող հանդուրժել, որ երկիրը ունենա բացի իրենից այլ հիմնադիր, իմա` տերեր, մեխանիզմներ լինեն, որ իշխանություն ունենան ավելի շատ`հակադիր հայացքներ ունեցող խմբեր:

Ու եթե անհատին անհատ է հակադրում, գաղափարը փոխարինվում է անհատով, ուրեմն նրան պետք է պաշտել, որ պաշտամունքը պայքարի մղի մարդկանց: Դա հեշտ է մի երկրում, ուր գաղափարներ չկան, ու երկրի բարեփոխումը կապվում է անձանց` լավ թագավորի հետ: Այստեղ եթե կուռքը մեռնում է, ամեն ինչ կորած չի, սկսում են պաշտել նրա որդուն: Հայ հանրությունը, որտեղ մտածողների թիվը նվազել է, պարարտ հող է անհատի պաշտամունքի համար, որի վրա իր սերմերը ցանեց Հիմնադիրը: Կուզնեցովը գրում է. «Ֆաշիզմը առաջնորդի պաշտամունք է (եթե ավելի լայն նայել` հիերարխիայի պաշտամունք): Հենց միայն առաջնորդը` դուչե, ֆյուրեր, կաուդիլիո, կոնդուկտոր, պոգլավնիկ և այլն, ֆաշիստական ռեժիմի անքակտելի էլեմենտն է, առանց որի, ակնհայտորեն, այն անհնար է: Ֆաշիզմի ուժը առաջնորդի խարիզմայի մեջ է: Նույնիսկ նրանք, ովքեր հասկանում էին Հիտլերի գործունեության կործանարար լինելը, ստիպված էին ընդունել, որ «այս դժբախտ, հիմար ժողովրդի համար նա կրկին «մեր ջերմորեն սիրելի ֆյուրերն է», աստծո կողմից միակ ուղարկվածը»:

Ժամանակակից խոսքում ֆյուրեր, հայր կամ նմանատիպ բառերը կենսունակ չեն, կվանեն մարդկանց, քանի որ նույնացվում են գերմանական ֆաշիզմի հետ: Նոր կուռքի համար նոր բնորոշիչներ են անհրաժեշտ: Ու ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության Հիմնադիր նախագահ» կոչումը: Իհարկե, չես կարող խուսափել, մեկ է, հիշեցնում է «ժողովուրդների հայր» կոչումը. ինչպես հայրն է ժողովուրդներ ստեղծում, իմա` հիմնադրում, այնպես էլ հիմնադիր բառի մեջ ստեղծարար, արարիչ իմաստը կա, ենթատեքստով նույն իմաստն ունի, որևէ կառույցի հիմնադիրը նույնացվում է Աստծո հետ: (Ֆաշիզմի իդեան խարխլվում է, եթե հիմնադիրը մեկը չէ, երկուսն են, իսկ եթե մի քանիսն են` հիմնադիրներ են, փլվում է): Այսուհանդերձ, Հիմնադիրը ճակատային «հայր» բառից տարբերվում է: Բայց ես էլ հաճույքով կօգտագործեմ ԼՏՊ-ի վերաբերյալ Հիմնադիր մականունը` շեշտելու համար նրա ֆաշական բնույթը:

Հիմնադրի շուրջ միանգամից ձևավորվում են պաշտողների բրիգադներ, Հատուկ գունդ ու նման խմբեր` ինչպես հիտլերյուգենտներ, կամ խունվեյբիններն էին, որոնք սկսում են տեռորի ենթարկել նրանց, ովքեր Հիմնադրի հետ չեն, ցուցակներ են կազմում` իրենց չմիացածներին անվանելով «չհայեր»: Ինչպե~ս են հանդգնել չմիանալ Հիմնադրին, նույնիսկ ոմանք` քննադատել նրան, չէ՞ որ նա հիմնադրել է մեզ, իսկ մեզ հիմնադրողի գործերը անքննելի են: Ոչ միայն քննադատողներին, չեզոքներին նույնպես. նրա խոսնակները թերթերի էջերից կոկորդ էին ճղում` դավաճան անվանելով նրանց, որ իրենց հետ չեն, իսկ հետո, երբ մեկը Հիմնադրի վտանգը կանխելու համար իշխանության կողմն է անցնում` հաճախորդ ու ծախված: Իսկ Հիմնադիրը չէ՞ որ ասել է` պաշտոններ է տալու նրանց, ովքեր նախընտրական պայքարում ամենամեծ ջանքը կներդնեն, յուրաքանչյուրը կգնահատվի` իր վաստակի չափով: Հատուկգնդայինները (Հատուկ գունդը Հիմնադրի ենթակա մի քանի խմբերից մեկն է, բոլորին չթվարկելու համար, միայն այս մեկի անունը կտամ) ամենուր են, վիրտուալ ինտերնետային տարածքներում, որևէ քննարկում, եթե վերաճում է Հիմնադրի հասցեին թեթև քննադատության, նրանք` Գնել-Սևակները, Նարեկ-Մարեկները թաքնված ծածկանուններով գրոհ են սկսում ու տեռորի ենթարկում քննարկման մասնակիցներին` փակելու համար բերանը, որ համարձակվել է քննության առնել Հիմնադրի թեկուզ մի խոսք: Իսկ ամեն մարդ էլ երկաթի նյարդեր չունի, համակերպվում է, շառից հեռու, ավելի լավ է այդ չարաբաստիկ անունը չտամ, իսկ մի ուրիշն էլ կասի` ավելի լավ է ասեմ իրենց հետ եմ, շառից- փորձանքից հեռու: Ու ֆաշիզմը մոլեգնում է` լռեցնելով ու իր կողմը քաշելով հազարներ:

Եվ եթե գումարվում են արևմտյան ֆինանսները, որոնք հանձին Հիմնադրի տեսնում էին ղարաբաղյան խնդրի լուծման ու նավթի ապահով հոսքի բանալին, ապա հազարները դարձնել հարյուր հազարներ մի աղքատ երկրում բարդ բան չէ, ու հրապարակում «Մանվել» գոռացող երիտասարդը ինչքան էլ մեծամտանա, չի կարող հիմնավորել, թե հանուն ժողովրդավարության սեփական նախաձեռնությամբ է գոռում: Աղքատ երկրում փող ծախսիր, ու առաջնորդը ում անունը ասի, էն էլ կգոռա ամբոխը:

Իսկ սա հենց Հիմնադրի քաղաքականության արդյունքն է` սկզբում աղքատացնում ես, սպանում անհատականությունն ու ինքնուրույն ընտրություն անելու կարողությունը, մարդուն դարձնում հացի խնդրից կախված հումանոիդ, հետո փողով առնում նրա ձայնը, ու ընտրողը վերածվում է մասսայի, հազար դոլարի մեջ տեղավորում ես հիսուն-հարյուր ընտրող, ու միավորը դառնում է ոչ թե անհատ ընտրողը, այլ հազար դոլարը:

Իրավիճակը հանգեցրեց ժողովրդավարության հայկական տարբերակին. եթե Լևոնի հակաժողովրդավարական համակարգում կեղծիք անելը մի թայֆայի մենաշնորհն էր, ապա նոր «ժողովրդավարական» համակարգում ստեղծվեցին խաղի կանոններ, ու անցյալ տարվա ընտրություններում ընտրակաշառք ու կեղծիք անելու հնարավորություն ունեին ոչ թե մի, այլ չորս բևեռներ` Լևոնը, դաշնակները, Օրինաց երկիրը, հանրապետականները` հանձին Սերժի (հայկական այս տարբերակը գուցե այլ երկրներում էլ է կիրառվել, էությունը սա է, «ժողովրդավարություն» է, եթե մեկից ավելի ուժեր են ընտրակաշառք բաժանում: Իհարկե, իշխանության թեկնածուն ադմինիստրատիվ ռեսուրսով առավելություն ունի, բայց այս ռեսուրսն էլ էր որոշ չափով տրոհվել, որոշ մասը անցել Լևոնի տակ, ինչ որ մաս էլ` դաշնակների): (Հիմնադրի թիմի բաժանած ընտրակաշառքների ու կաշառված պրոպագանդիստների, մասնավորապես տաքսու վարորդների ու հինգ հազար դրամով գոռացողների մասին լուրերը խլացվեցին լևոնականների կատաղի պրոպագանդայով):

Այս իրավիճակում ձայների հաշվարկը մի ծես է, որը քիչ առնչություն ունի իմ պատկերացրած ժողովրդավարության հետ, երբ ընտրության սուբյեկտը ոչ թե ընտրողն է, այլ փողը, երբ մեկ միլիոն դոլարը փոխարինում է հազար հոգուն, իսկ արանքի կեղծիքները իրավիճակը հիմնավոր չեն փոխում (այս իրավիճակում հեչ կարևոր չի, թե Սերժը 52, թե 47 տոկոս ձայն է հավաքել): Դա շատ լավ հասկանում էր Հիմնադիրը` հայտարարելով, թե 67 տոկոս ձայն է հավաքել, երբ ռեալ, կողմնորոշված ընտրողը թվաբանության միայն մի մասն է, իսկ մյուս մասում ձայնի տեր չկա, ձայնի տերը փողն է(փողն էլ չի հարցնում, թե ով է իրեն բաժանել), ինչ թիվ ուզում ես կրակի, փողը չի բողոքի, որ` չէ, էդքան չես հավաքել, իսկ ինչքան շատ ծախսես, ու ինչքան շատ գրոհայիններդ գործեն, էնքան կրակածդ թիվը ավելի հավանական կթվա:

(Բայց խոստովանեմ, եթե նույնիսկ ԼՏՊ-ն հաղթելու լիներ, ես կողմ եմ ամեն գնով կանգնացնել նրա իշխանության գալը, և եթե նրան պիտի ընտրություն կեղծելը կանխեր, ապա թող լիներ(իհարկե, կեղծողներին իրենց իշխանությունն է հետաքրքրում ոչ թե ֆաշիզմ կանխելը): Չի կարելի հանդուրժել, որ ֆաշիզմը գա իշխանության: Եթե մի կերպ կանխվեր Հիտլերը, վեց միլիոն հրեա չէր կոտորվի: Ժողովրդավարական սկզբունքները միայն ժողովրդավարների համար են):

Հետևաբար, աղքատ ու նաև ժողովրդավարությունից անտեղյակ երկրում ֆաշիզմի հաղթանակը հավանական է, միշտ էլ կգտնվեն ուժեր, որոնք երկիրը իրենց շահերին հարմարեցնելու համար փող չեն խնայի: Իսկ ֆաշիզմը միշտ էլ կարող է իշխանություն գրավել, Էկոն ասում է. «Այնքան հարմար կլիներ մեզ բոլորիս , եթե մեկը դուրս գար համաշխարհային բեմ ու ասեր. «Երազում եմ վերաբացել Օսվենցիմը, ուզում եմ, որ սև շապիկները նորից քայլեն իտալական հրապարակների շքերթներում»: Ցավոք, կյանքում այդքան լավ չի լինում: Ուռ-ֆաշիզմը կարող է ներկայանալ ամենաանմեղ ձևերով ու կերպարանքով: Մեր պարտքն է ամեն օր, աշխարհի ցանկացած կետում բացահայտել նրա էությունն ու ցույց տալ նրա նոր ձևերը»:

Ժողովրդավարական սողանցքները միշտ օգտագործում են ֆաշիստները, ինչպես դա եղել է Գերմանիայում, Ուզբեկստանում, Բելառուսում և այլն, իսկ հենց գալիս են իշխանության, վերացնում են այդ սողանցքները: Այդպես Հիմնադիրը օգտագործեց ընտրությունները գալով 91-ին իշխանության ու 95-ի Սահմանադրությամբ վերացրեց ընտրության միջոցով իշխանություն փոխելու մեխանիզմը (հանուն ճշմարտության պետք է ասել, որ, օրինակ, Բելառուսի նախագահը, ժողովրդավարությունը խեղդելով, կարողացավ ստեղծել տնտեսական համակարգ, իսկ Հիմնադիրը այնքան դեստրուկտիվ է, որ ոչ միայն վերացնում է ժողովրդավարությունը, այլև ոչնչացնում տնտեսության հնարավորությունները: Եթե պոստսովետական երկրները մոդեռնիզացնում էին սովետից ժառանգած իրենց տնտեսությունները, Հիմնադրի իշխանության մտավոր կարողությունը հերիքում էր միայն գործարանների լոմը ծախելով հարստանալուն, իսկ վերջին նախընտրական շրջանում Հիմնադիրը սովետական տնտեսության ժառանգությունը փոշիացնելը թաքցնում էր` սովետական տնտեսության խոտանի մասին մաշված ու նավթալինոդ ճառեր ասելով (սովետական տնտեսության որակը ինչ կապ ունի, եթե, օրինակ, Թալինի գինու գործարանի հազվագյուտ մետաղյա հսկա տարաները, որոնք ցանկացած երկրում կօգտագործվեին գինու արտադրության մեջ, սղոցով կտրում ու ծախում էին Պարսկաստանում):

2005թվականի սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական սողանցքներ բացեցին` մասնավորապես Երևանը դարձնելով ինքնակառավարվող մարմին: Ես առաջ կարծում էի, թե այս բարեփոխումը միայն Եվրոպայի ճնշմամբ հնարավոր եղավ, այժմ հակված եմ ենթադրել, որ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկությունը դեր խաղաց, որ քաղաքական այլ ուժերի (առաջին հերթին` իր) համար խաղի դաշտ բացի: Սակայն առայժմ ինքը օգտվելու հնարավորություն չունի, հակառակը` օգտվում է իր թշնամին: Հիմնադիրը, որ իր կառավարման ընթացքում վերացրել էր իշխանությունը կիսելու բոլոր սողանցնքերը, այժմ օգտվում է ուրիշի բացած սողանցքից, որ իշխանության գալով կրկին վերացնի դրանք:

Իսկ ագիտատորներն, հատուկգնդային ու բետեռ գրոհայինները, մամուլով ու գնալով գրասենյակ տեռորի ենթարկելով, ստիպեցին մյուս ընդդիմադիր կուսակցությանը` Ժառանգությանը, չմասնակցել ընտրություններին ու պաշտպանել Հիմնադրին: Դեռ իշխանության չեկած են մի ամբողջ կուսակցություն տեռորի ենթարկում, բա որ գան, ինչ են անելու:

Լևոնական շարժումը ինձ ստիպեց հրաժարվել իմ պատկերացրած հասարակարգին ձգտելուց ու ամեն ինչ գնահատել համեմատության մեջ: Մինչև չգա նախորդը, չես գնահատի ներկան: Քոչարյանի ռեժիմը իր փրկությունը ստացավ` համեմատության մեջ ընկնելով լևոնական ռեժիմի հետ. եթե այն ժամանակ ընդդիմադիր հայացքներ ունեցողը մի խանութ էլ չէր կարող պահել, ապա Քոչարյանի ռեժիմը թույլ էր տալիս հարստանալ մինչև միջին բիզնեսի մակարդակ, իսկ լևոնական օլիգարխները՝ հանձինս Սուքիասյանների հանգիստ, առանց հարկ տալու փող էին աշխատում: Լևոնի ժամանակ, եթե մեկի մտքով անցներ ընդդիմությանը ֆինանսավորել, տնով-տեղով պատասխան էր տալու: Իսկ հիմա միջին ու խոշոր բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ֆինասավորում էին Լևոնի շարժումը: Միայն Խաչիկ Սուքիասյանի անունը հայտնի դարձավ, քանի որ նա բացի ֆինանսավորումից նաև ակտիվ մասնակցում էր պայքարին: Եթե Լևոնի ժամանակ իշխանությանը քննադատողը որևէ տեղ չուներ գործադիր համակարգում, ապա այժմ, նախընտրական շրջանում Դաշնակցությունը և Օրինաց երկիրը իշխանություններին երևի ավելի թունդ էին քննադատում, քան ԱԺՄ-ն` 96-ին, բայց գործադիր մարմնում տեղեր ստացան (նույնիսկ եթե սա ինչ-որ մեկը խաղ համարի, ապա սա մի խաղ է, որ ավելի է մոտեցնում մեզ ազատականությանը), եթե Լևոնը փակեց «Ազատություն» ռադիոն, ապա Քոչարյանը հանեց միայն հանրայինից ու թողեց, որ այլ ալիքներով հեռարձակվի ու իր դեմ գործի: Եթե 96թվին բոլոր հարյուրավոր ձերբակալվածները ծեծի ու խոշտանգումների ենթարկվեցին, ապա 2008-ի հարյուրավոր ձերբակալվածներից միայն 3-4-ին ծեծեցին: Իսկ յոթի դատավարության նման ըմբոստություն անհնար է պատկերացնել Լևոնի ռեժիմի ժամանակ:

Պատմությունը այնպիսի դասագիրք է, որ մեզ սովորեցնում է իմանալ, թե տվյալ մեթոդները կիրառող քաղաքական ուժը ինչպիսին կլինի իշխանության գալուց հետո: Նախընտրական քարոզարշավը արտացոլում է քաղաքական խմբի ապագա իշխանությունը (իմիջիայլոց, Գերմանիայում նացիստների նախընտրական մեթոդների կարևորագույն մասը պարերն էին, իսկ Լևոնն էլ իր շարժումն անվանեց պարերի հեղափոխություն: Թեև կարող եմ ընդունել, որ այս զուգահեռը կարելի է նաև պատահական համարել):

(Միջանկյալ կրկին անդրադառնամ Անդրանիկ Թևանյանի տեքստին, ուր նա ասում է. «Նման վարչապետի ֆոնին՝ ավելի լավ է մի փողոցային մականունավոր բերել վարչապետ, ով գոնե միայն սեփական նեղ անձնական շահերով կառաջնորդվի, քան թողնել մեկին, ով հավակնություններ ունի պրոմեթևսյան կործանարար ինքնավստահությամբ «հայկական ցանցապետություն» քարոզել, բայց իրականում շատ նեղ շրջանակի ֆինանսական կարողություններն ավելացնել»: Կարծում եմ` պետք է կարողանալ պատկերացնել, թե այս կամ այն ուժը իշխանության մեջ ինչպես կդրսևորվի, որպեսզի հետո անհեռատեսության համար գլխներիս չտանք: Թևանյանի ասածը տիպիկ օրինակ է, թե ինչպես իշխանությունից դժգոհությունը այնպիսի կիրք կարող է առաջացնել, որ յուրաքանչյուր փոփոխություն ավելի լավ համարվի, քան գործող ռեժիմը: Այս նույն կրքով բազմաթիվ մարդիկ, հաշիվ չտալով, թե ինչ կարող է սպառնալ երկրին, միացան Լևոնի շարժմանը: Մի պահ կարելի է դադար տալ զգացմունքների հոսքին ու սառը դատել, թե ինչ համակարգ է ներկայացնում մականունավորը. որ նա, ցավոք, միայն անձնական շահով չի հետաքրքրված, այլ աշխարհի կառուցվածքի մասին ունի իր սեփական պատկերացումները, և ինչ կլինի, եթե դրանք ներդրվեն Հայաստանում: Պատկերացնել, եթե իր ասած մականունավորը գա իշխանության. հակառակորդները մասսայաբար կհայտնվեն առյուծի կամ արջի վանդակում`ըստ տվյալ մականունավորի ճաշակի, փողոցներում կիշխեն մականունավորների քոթոթները`թիկնազորը, ու մի թարս խոսքը կարող է կյանք արժենալ, բնագավառներ, որ դեռ շնչում են ու մոնոպոլ չեն, կտրուկ կմոնոպոլիզացվեն, քանի որ մոնոպոլիան մտնում է ախպերական գաղափարախոսության մեջ: Հիմա Երևանի քաղաքապետի ընտրություններում մականունավորի և ֆաշիզմի միջև ընտրություն է, ճաշակի հարց է, ես էս գլխից ասեմ, որ չեմ մասնակցելու նման ընտրությանը: Թևանյանի առաջարկած երկընտրանքից՝ մականունավոր, թե Տիգրան Սարգսյան, ավելի բարդ երկընտրանքը հիմա է, այս ռեալ ընտրություններում։ Ու այստեղ ավելի հասկանալի կլիներ, եթե մեկն ասեր, թե կնախընտրի Չոռնի մականունով Գագիկ Բեգլարյանին, քանի որ նա քաղաքապետ դառնալով, չի փորձի երկրի նախագահ դառնալ, եթե երազի էլ, անհնար է, ու հետևաբար ավելի անվտանգ է։ Բացի այդ Բեգլարյանը միահեծան վոժդ չի։ Իսկ Հիմնադրի համար քաղաքապետը միայն մի աստիճան է նախագահի աթոռը գրավելու համար, իսկ նրա հետևից գնացող ցուցակը միայն ֆոն է առաջնորդի համար։ Ու այսպես ասողը, կարող է շարունակել, որ ինքը քաղքենիական բարոյականություն չի ուզում խաղացնի ասելով` էհհ, երկուսն էլ անընդունելի են: Եթե ներկա ռեժիմին ալտերնատիվ չի ստեղծվում, չարժի այն փնտրել գոյություն ունեցող հակադեմոկրատական ալտերնատիվներում, մանավանդ, որ մականունավորների պակաս նաև Հիմնադիրն էլ չունի: Մի ակտիվ լևոնական մեկնաբան, ինձ բացատրում էր, թե ինչքան լավ կլիներ, եթե իրենք հաղթեին, ու Գրզոն` Խաչիկ Սուքիասյանը, դառնա վարչապետ):

Թե ինչպիսին կլինի Հիմնադրի երկրորդ իշխանությունը, կարելի է մանրամասն նկարագրել, նախ կա փորձը առաջին իշխանության, երկրորդ` նա գալիս է այս անգամ որպես Հիմնադիր աստվածացված ու ամենակարող, ու կանի ինչ ուզում է. բանտերը կլցվեն «դավաճաններով», Ղարաբաղի անկախության մասին խոսողները կորակվեն նացիոնալիստ ու կդատապարտվեն դատարաններով, միայն լոմ ծախելով հարստանալու ընդունակ Լևոնի շրջապատը կավերի տնտեսության ծիլերը, կգնա սեփականության տոտալ վերաբաշխում, ինչը որ մոնոպոլ չէ, կմոնոպոլիզացվի:

Ընդդիմախոսս կասի` «վարիանտ չկա, եթե ուզի էլ, Եվրախորհուրդը թույլ չի տա»: «Ի՞նչ»,- հռետորական կհարցնեմ ես, «Եվրախորհո՞ւրդ», ինչ պարզունակ բաներից ես խոսում, Եվրոպայի քթի տակ Ադրբեջանում միապետություն հաստատվեց, ոչ միայն ձեն չհանեցին, այլև մի անգլիացի եվրապատգամավոր ողջունեց` ասելով, որ դա ադրբեջանցիների ընտրությունն է, էլ չասած Ադրբեջանի բանտերում լցված քաղբանտարկյալների համար Եվրախորհրդում այդ երկրի ձայնը սառեցնելու մասին խոսք էլ չի հնչում: Նույնն էլ այստեղ է լինելու, երբ Լևոնը կհանձնի Ղարաբաղը, Եվրոպան Հոմերոսից էլ կույր կձևանա, ու ավելի եռանդուն կփառաբանի Լևոնի «խաղաղասիրությունը», քան Հոմերոսը Աքիլլեսին էր փառաբանում: Նավթը լվանում է բոլոր հետքերը:

Ի՞նչ անել, բան չես կարա, մնում է սպասել ԱՄՆ-ից զանգի, որ ուրախանալու նոր պատճառ ստանաս: