Results 1 to 2 of 2

Thread: Առանց ընտրության (Վահան Իշխանյան)

  1. #1
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Առանց ընտրության (Վահան Իշխանյան)

    Մտածում էի, այստե՞ղ դնեմ նյութը, թե՞ քաղաքանության մեջ: Վերջը ստեղ դրեցի: Եթե քննարկումները գնան քաղաքական ուղղությամբ կտեղափոխեմ: Ասեմ միայն, որ հեղինակի մասին մինչ այսօր նույնիսկ չէի լսել: Բլոգերից մեկում տեսա հղում նրա գործերի վրա եւ դուրս եկավ:

    Վահան Իշխանյան
    Առանց ընտրության

    «Բոլորովին մի կասկածեք, անձնական թղթապանակներ են կազմված բոլոր քաղաքական գործիչների, պատգամավորների, տնտեսվարող սուբյեկտների, մեծ ու փոքր գործարարների, դասախոսների, բժիշկների, մտավորականների վերաբերյալ»,- բացահայտումը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից է, մի կտորը, հոկտեմբերի 26-ի հանրահավաքին: Այստեղ հայտարարեց, որ կրկին դնում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Ու նաեւ. «Նրանց (իշխանության) գործունեության գլխավոր մեթոդը բոլոր ակտիվ քաղաքացիների, այդ թվում՝ այս հրապարակում կանգնածներից շատերի վերաբերյալ, այսպես կոչված, կոմպրոմատներ հավաքելն ու հատուկ թղթապանակներ (դոսիեներ) կազմելն է»: Ես հրապարակում կանգնածներից չէի եւ կարդացի ելույթը թերթում, բայց ասածն ինձ էլ էր վերաբերում: Իմ դեմ էլ ինչ-որ թղթապանակ կլինի, բայց ոչ թե հիմա կազմված, այլ շատ ավելի վաղ՝ Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ:
    [spoiler]
    1997 թվին ես ու երկու ընկերներս ստեղծեցինք մի հասարակական կազմակերպություն ու տվեցինք գրանցման: Ընդօրինակել էինք արդեն գրանցված կազմակերպության կանոնադրությունը, որ գրանցման ժամանակ դժվարություններ չառաջանան, սակայն Արդարադատության նախարարությունը երեք անգամ մերժեց գրանցումը, ամեն անգամ՝ առավել անհեթեթ պատճառաբանությամբ: Մերժման թղթերը հիմա էլ արխիվումս են, նայում եմ ու՝ ինչ հիմարություն, ամեն հաջորդ անգամ ինչ-որ «սխալ» է գտել, որ նախորդ մերժման մեջ չէր «նկատել»: Վերջին անգամ գնացի Ավետիս Բաբաջանյանի հետ: Պաշտոնյան մեզ սիրալիր ընդունեց, մենք նրան անկեղծության մղեցինք, ընկերական խոսք բացինք, ու մեր հարցերին անկեղծ, բայց նեղվելով պատասխանում էր, չէր ջոկում, որ ասածները տպվելու են: Ասում էր՝ մեր թղթերը նորմալ են, սխալներ չկան, ինքը եւ նախարարությունը որեւէ կապ չունեն մերժման հետ, որ իրենց այլ հիմնարկից է կարգադրված մերժել: Այլ հիմնարկը ԱԱԾ-ն (ԿԳԲ) էր: Դոսիես խանգարել էր: Էն ժամանակ գրանցման ներկայացված կազմակերպությունների գործերը ուղարկվում էին ԱԱԾ, որ որոշեր՝ գրանցեն, թե չէ: Ավետը ձայնագրել էր խոսակցությունը ու նյութ տպեց «Առավոտում»: Պաշտոնյային հեռացրեցին աշխատանքից:

    Ընկերներս առանց ինձ նույն կանոնադրությամբ մի ուրիշ կազմակերպություն գրանցեցին, մինչեւ հիմա կազմակերպությունը գործում է, զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Հանուն ժողովրդավարության ինձ հետ նրանց համագործակցությունը չստացվեց: Ես դուրս մնացի կազմակերպություն ստեղծելու իրավունքից: Իշխանափոխությունից հետո իրավիճակը փոխվեց, ԱԱԾ էլ չէին ուղարկում գործերը ու հեշտությամբ գրանցում էին: Ես էլ 2001 թվականին կարողացա ուրիշ ընկերների հետ կազմակերպություն գրանցել:

    Իսկ էն ժամանակ ես անցանկալի անձ էի, իմ «դոսիեն» իշխանությանը վստահություն չէր ներշնչում, իմ առաջ փակ էին հասարակական կազմակերպություն ստեղծելու դռները, էլ ուր մնաց՝ բիզնեսով ուզեի զբաղվել: Իշխանությունը երկիրը բաժանել էր սվոյների, որոնց ամեն ինչ կարելի էր, ու թշնամիների: Ես թշնամիների մեջ էի հայտնվել: Խի՞:

    Կյանքս էնպես էր դասավորվել, որ 94-ից հա ընդդիմադիր թերթերում էի աշխատում: էն ժամանակվա ամենաընդդիմադիր գործիչներից մեկը քրոջս ամուսինն էր՝ Վազգեն Մանուկյանը: Ինձ էլ համարում էին նրա մարդը, ու տենց չէի կարա ուրիշ մամուլում աշխատեի: Վաբշե ժուռնալիստը չէր դզում, կուզեի ուրիշ գործով զբաղվեմ: Բայց ուրիշ գործ տենց էլ չէր լինում, ու մեկ էլ մի թերթից կանչում էին, դե փող էր պետք, պիտի աշխատեիր:

    Քյասար՝ 96-98-ին աշխատում էի ամենաընդդիմադիր կուսակցության՝ ԱԺՄ-ի պաշտոնաթերթ «Այժմ»-ում: Գրում էինք խիստ հակաիշխանական նյութեր: Էն ժամանակ ընդդիմադիր թերթում աշխատելը վտանգավոր էր, իշխանության մարդիկ ինչ-որ մի իրենց չդզող նյութի պատճառով հաճախ էին լրագրողներին ծեծում: «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրություն էին ներխուժել ու ավերել ամեն ինչ, կարծեմ մեկին էլ ծեծել էին: էդ ե՞րբ էր, չեմ հիշում:

    Լեւոնի վերադարձը ստիպում է հիշողությունս փորփրեմ: Ո՞նց: Բացում եմ թերթերի արխիվս, զիբիլը պիտի մի օր թափեի, բայց՝ չէ, պարզվեց՝ զիբիլ չի, պարզվեց՝ գալիս ա մի օր՝ ներկան ստիպում ա բացես անցյալը: Ու «Շրջան» թերթը, էս էլ՝ «Գոլոսի» հետ կապված ուրիշ պատմություն: 95 թվի մայիսի 12, առաջին էջին վերնագիրը՝ «Գոլոս Արմենիի» տպագրությունը արգելվեց», հետո՝ «Խմբագրի տեղակալ Նարեկ Մեսրոպյանը հայտարարեց, որ թերթի տպագրումը արգելել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ պատճառը «Գոլոս Արմենիի» համարձակ հրապարակումներն էին: Որպես օրինակ Մեսրոպյանը ասաց, որ ժամանակին հրապարակել է նյութ, ըստ որի պետնախարար Վազգեն Սարգսյանը գրպանել է 1,5 միլիոն դոլար, եւ դատախազությունը այդ գործով չի զբաղվել, փոխարենը սկսվել են բռնություններ «Գոլոսի» աշխատակիցների դեմ եւ թերթի լույսընծայման արգելքներ»: Երրորդ էջում Նարեկի հոդվածն է՝ «Ահաբեկչությունն անցնում է սահմանը», գրում է, որ խմբագրությունը վտարում են «Պարբերական» հրատարակչության շենքից, հետո, արժի մեջբերել. «Գոռոզանալով լիբերալ դեմոկրատականության ցուցանակը սեփական ճակատին մեխելու կասկածելի փաստով, նոր իշխանությունը, իր բազմաբնույթ գործողությունների մեջ մնում է անդեմ»: Հոդվածի վերջում՝ «p.s. այս հոդվածը պիտի տպագրվեր մեր թերթի մայիսի 11-ի համարում, որը հայտնի պատճառներով լույս չտեսավ»:

    «Շրջանն» էլ էին ուզում վերացնեն, 94-ին հրդեհեցին, հրշեջների եզրակացությամբ՝ դրսից էին կրակը գցել, երկհարկանի տան մեջ էր խմբագրությունը, հեշտ էր վնասելը: Իսկ 95-ին Վազգենով, Վանոյով խմբագրության աշխատակազմը ցրիվ տվին, եսիմ ինչ մուտիլովկեքով բոլորը գործից դուս եկան: Բայց թերթը չվերացավ, ինձ դրին խմբագիր, աշխատող չունեի, գնացի Միքայել Դանիելյանի տուն: Դուռը կինը բացեց, Միկան քնած էր, արթնացրի, կաշխատե՞ս «Շրջանում»: Առաջի մեր համարը համարյա ծերից ծեր էրկուսով գրինք:

    Նարեկ Մեսրոպյանը մի անգամ գրել էր, որ ընկերն ասել է, թե մի օր իրեն մութ պադեզդում գլխին տալու սպանելու են: Դե չխփեցին, նա մեռավ 7-8 տարի առաջ: Շվեդական մի հետազոտություն կար, որ Շվեդիայում ամենակարճը լրագրողներն են ապրում, ստրեսները շատ են: Նարեկինը որ շվեդական լրագրողի ստրես լիներ, հիմա մեռած կլինե՞ր: Դժվար:

    Մեր տան մուտքն էլ էր մութ, ու ամեն անգամ գիշերը մտնելիս տագնապ կար մեջս, թե հեսա գլխիս կխփեն: Չխփեցին, բայց հետախուզման մեջ ընկա:

    96 թվականի սեպտեմբերի 22-ի ընտրությունների արդյունքների կեղծիքների դեմ բողոքի ալիք բարձրացավ, երեք օր քաղաքը ցույցերի մեջ: Նախագահ էր հռչակվել Տեր-Պետրոսյանը, իսկ միացյալ ընդդիմությունը՝ դաշնակ, ԱԻՄ, ՍԻՄ, ԱԺՄ, պնդում էին, որ ընտրվել է Վազգեն Մանուկյանը, ու պահանջում էին բացել քվեարկված փաթեթները: Այդպես էլ չբացեցին: Բողոքը ճնշվեց 26-ին: Մեր թերթը եւ ՍԻՄ-ի «Իրավունքը» մի թե երկու շաբաթ չտպվեցին, իրավապահները ավերել ու փակել էին երկու խմբագրություններն էլ, երկուսն էլ կուսակցությունների գրասենյակներում էին:

    Ալիքի բարձրակետը 25-ն էր: Որոշվեց ներխուժել ԱԺ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ-ում էր: Վազգենը մտավ ներս բանակցությունների, ասեց իր պատմական խոսքը՝ կես ժամից չեկա, եկեք իմ հետեւից: Կես ժամից էլ ավել անցավ, էն ժամանակ սոտվի լիներ, ներսից կզանգեր մի բան կասեր, բայց լուր չկար: Սկսեցին ցնցել ճաղերը: Հաստ ու երկար, կկոտրվե՞ն արդյոք: Երկու մարդաբոյ ճաղեր, ցնցումը տարուբերում էր, ի վերջո ջարդեցին, ու ամբոխը ներխուժեց: Հետո կային ասողներ, թե՝ սադրանք էր, իրիկունը հատուկ ճաղերը սղոցել են, որ մարդիկ լցվեն ներս, ու ցույցերը ճնշելու պովդ լինի: Ի՞նչ սղոցել, ես տենց թափ չէի տեսել, Չարենցը լիներ տեսներ՝ ամբոխը էլ ինչ կարա անի: Ես էլ մտա ներս, բարձրացա ուղիղ ԿԸՀ: Ինձ տեսան, ասին՝ թող ինքը գա, ճանաչում էին, մտա, Վազգենը տեսավ, զարմացավ: Բայց շատերի հիմնական թիրախը իշխանություններն էին, մարդիկ գտել էին ԱԺ նախագահին ու փոխնախագահին ու արյունլվա արել: Հետո հեռուստատեսությամբ տեսա՝ Արա Սահակյանը ծեծված ասում էր՝ ինձ ստիպում էին գոռալ՝ Վազգեն, նախագահ:

    Հանկարծ լսվեցին կրակոցներ: Ժողովուրդը նոսրացավ, շուրջս էլ ցուցարար չկար: Ասի՝ դուրս գամ, մտա ԱԺ կենտրոնական շենք, ոստիկաններ էին լցված: Ի՞նչ էր եղել, որ ոստիկանները ոտի վրա էին, մի տասնհինգ րոպե առաջ ոստիկաններին քացու տակ էին գցել: Ներսը մի ոստիկան հարցրեց՝ դու ո՞վ ես: Հանեցի լրագրողի փաստաթուղթը՝ լրագրող, դուբինկեն իջեցրեց գլխիս, բայց ես տակից պլստացի ու արագ փախա: Բաղրամյանում ջրցան մեքենաները արդեն ջրել էին ժողովրդին, ԱԺ-ի դիմացը մաքրել էին, մարդիկ վազում էին օպերա: Ծանոթ մենակ Արաքսին տեսա՝ կաղալով ու ջրված վազում էր ներքեւ, ուդա՞ռ էր կերել: Արաքսը նկարչուհի էր, ժամանակակից արվեստագետ, նրա հայտնի կտավն էր` Մասիսների տակ պոռնո կոմիքսի կադրեր, կախել էին Ամերիկյան համալսարանում, աղմուկ հանեց: Ինչ խայտառակություն: Հայ ժամանակակից արվեստում միակ աղմուկ հանած գործը, մյուսն էլ երեւի Մհերինն էր` քաքով արված կտավը: Արաքսի կողքին քանդվում էր ուրիշ արվեստագետների նորարարի ու ըմբոստի պոզան, ավելի բացահայտ դառնում, որ անունը ավանգարդ, թե ժամանակակից շատ գործեր արեւմուտքի մասին իմացածին նմանվելն է: Չհանդուրժեցի՞ն: Չգիտեմ, բայց տղամարդկային համերաշխությունը դուրս նետեց Արաքսին իր պրոյեկտներից, ինչպես ինքն էր գրում իր գործերում` արաքսեց:

    Խի՞ էր Արաքսը դուրս եկել 96-ին: Իմ ճանաչած ոչ մի ժամանակակից արվեստագետ կամ ավանգարդիստ դեմ չէր ռեժիմին: Արաքսի բողոքի տակ թաքնվա՞ծ էր իր կոլեգաների դեմ բողոքը, նրանց իշխանության դեմ: Նրանց դեմ հո ցույց չէ՞ր անի: Թե՞ նա Լեւոնի դեմ էր դուրս եկել, որտեւ արվեստագետ կոլեգաները լեւոնական էին: Հիմա էլ, էս տարի Արվեստի ազգային քննադատների տպած «Հանրային ոլորտ» գրքում մի արվեստաբան գրում է. «Հանրապետության առաջին նախագահը փորձում էր քարոզել մարդու իրավունքների ու ժողովրդավարության առավել համամարդկային արժեքներ: Լեւոն Տեր-Պետրոսյանին է պատկանում «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» արտահայտությունը»: Մի բան էլ է կարծեմ պատկանում Լեւոնին` «պատմությունը կեղծ կատեգորիա է», ու էս «Հանրային ոլորտը» քեզ ապացույց:

    Արաքսը հավատացյալ դառավ, ամուսնացավ, մի իրեք տարի առաջ Գյումրիում տեսա, ասեց` աղոթում է իր հին ընկերների համար:

    Ես գիշերը խոհեմաբար տանը չքնեցի, բայց հաջորդ օրը հիմարաբար իջա քաղաք Վարդուշիկի հետ: Տանկեր ու փողոցները շղթայած զինվորներ: Գրողների միության մոտ Շագային տեսա՝ հո չե՞ս գժվել, արա, ո՞ւր ես էկել, քեզ են ման գալի, փախի: Շագան հիմա Փարիզում է ապրում, զանգել հարցնում էր՝ էդ հնարավո՞ր ա, որ Լեւոնը էլի նախագահ դառնա:

    Գրող ընկերներիս՝ Աշոտին, Ֆերեշեթին ու էլի մի քանի հոգու, Գրողների տան մոտից էին տարել: Թե իրանց խի էին բռնել, քաղաքականության հետ կապ չունեին: Աշոտը չորս տարի Մոսկվայում է, նոյեմբերին էկել էր, գնացինք «Կովկաս» ռեստորան, երեւում էր՝ էնքան էլ վատ չի գործերը, հաշիվը բերին` 12 հազար դրամ, էս կարո՞ղ ա ստեղ զեղչեր են՝ ասեց: Հանեց հարյուր դոլարանոց, դրեց պապկեն, Վիոլետը խառնվեց, դոլարի կուրսը առանց էն էլ իջել էր 290-ի, ստեղ կուրսը քանիսո՞վ կհաշվեն: Ի՞նչ ա եղել, լավ ժամանակ անցկացրինք, չէ՞,- ասեց Աշոտը,- լավ ժամանակ անցկացնելու համար պետք ա նորմալ վճարել: Աշոտ, ձեզ ո՞նց բռնին. «Թամարյանի ծնունդն էր, գնում էինք իրանց տուն նշենք, մի ութ հոգի կլինեինք, Թամարյանը դվայորնի քրոջը տեսավ, կանգնեց մի քանի րոպե, մեկ էլ էկան տանեն, ՀՀՇ-ի Քեռին էր մեկը: Որ մի քիչ շատով հավաքվել էինք, կասկածել էին երեւի: Թամարյանը հանեց Գրողների միության տոմսը, դե ամեն առիթով տոմսը հանում էր, էս անգամ չանցավ, Ֆերեշեթի մոտ ինչ-որ օտար լեզվով գիրք կար, տեսան ասին՝ շպիոն կլնեն: Լցրին մեքենան սաղիս տարան Կենտրոնի ոստիկանատուն: Քննիչը վատ էր զգում, ասում էր՝ ես մեղք չունեմ, տղերք, բայց խնդրում եմ հարցերիս պատասխանեք: Պատասխանում էինք, հերթը հասավ Մառետին, հիշո՞ւմ ես Մառետին, շատ լավ աղջիկ էր, բոզ էր, տռաս հելնում աշխատում էր, փողը բերում «Հարիսնոցում» մեր վրա ծախսում: Քննիչը հարցրեց Մառետին՝ դո՞ւք էլ եք Գրողների միության անդամ, ասեց՝ չէ, ես միայն թղթակցում եմ: Նելլի Շահնազարյանը զանգեց [մի հայտնի մտավորականի], նա ասեց՝ դե մի բան արած կլնեք, որ տարել են: Իսկական 37 թվի պես, մարդկանց տանում գնդակահարում էին, ասում էին՝ դե մի բան արած կլինի, որ գյուլլում են: Հետո զանգեց Վահե Շահվերդյանին, Վահեն եկավ հետեւներիցս, ինչ-որ թուղթ ստորագրեց, ու մեզ ազատեցին: Թամարյանի տուն իրիկունը քննիչը թաշախուստով եկավ»:

    Շագային լսեցի` շշմեցի ու արագ վազելով փախա կասկադով մոնումենտ: Վարդուշիկի վարձած բնակարանը: Հիմա Վարդուշիկը Փարիզում է, ամուսնացել է տրոցկիստի հետ, բայց չեմ կարծում, թե շատ էր հիասթափվել լիբերալ դեմոկրատիայից, չէ, տղա էր՝ հանդիպել էր, սիրել էր, պսակվել: Դե որ սիրում ես, պիտի մի քիչ էլ հայացքները սիրես, հիմա Վարդուշիկը ինչ-որ ձախ գծի վրա ա, կարծեմ Առլետին էր ձեն տվել: Ես էլ ստեղ իրա ընկերուհու հետ պսակվա՝ Վիոլետի, որ հիմա էս հանդեսն ա տպում: Հանդեսը չլիներ՝ ես սա չէի գրի: «Արմենիանաուի» համար էի գրել սա, բայց կարճ. 1000 բառից երկար ա լինում՝ Ջոնը կրճատել ա տալիս, էլի հետս կոմպրոմիս ա արել, ուրիշներին ստիպում ա 700-ից ավել չգրել: «Արմենիանաուի» համար գրածս 1200-ի մոտ էր, Ջոնը կրճատեց սարքեց 700: Վիոլետն էլ կարդացել էր, տեսավ՝ ասելիքս շատ ա, տպածը՝ քիչ, ասեց՝ «Ինքնագրի» համար նորմալ ուզածդ գրի: Գրում եմ, ու գրածս աճում ա, դարձել ա մոտ 4000 բառ: Տենց գրում եմ, ձեռս բռնող չկա: Բայց նայում եմ, այ քեզ բան, գիրս երկու լեզվով ա գնում, մեկը «Արմենիանաուի» համար գրածս լրագրային լեզուն, մյուսն էլ արանքներում լցրածս լեզուն, որ կաշկանդվում ա լրագրայինի ճնշումից: Երկու մարդ, ու եթե փորփրեմ` իրեք չորս էլ դուրս կգա միջիցս:

    Ընկերներս ինձ փնտրում էին, որ թաքցնեն, Վարդուշիկի տանը կարային գտնեին, Ներքին գործերի նախարարության ընդունարանի պետ էր եղել, շատ ոստիկան ծանոթներ ուներ, մեկը ակնարկել էր՝ լավ չես պահում քեզ, վատ մարդկանց շրջապատ ես ընկել: Վատը ես էի: Ո՞նց գտավ ինձ Հասմիկը, տարավ իրենց շենքում մի բնակարան: Դուռը վրաս փակեց: Ուտելու վախտ բացում էր, բակի կողմով տանում իրենց տուն, հոր՝ ձյաձ Սուրենի հետ ճաշում էինք:

    Մենակ TV-ն էր ինֆորմացիայի աղբյուրս, ամսի 27-ն է՞ր, ուղիղ եթերով ԱԺ նիստն էր, ամբիոն բարձրացավ Շավարշ Քոչարյանը, շատ վստահ խոսեց, որ ընտրությունները կեղծվել են, պատգամավորները հասան ու սկսեցին տալ, ծեծեցին: Էդ ինչ ծեծ էր, փողկապներով, շալվար-կոստյումով ոնց էին տալիս, հայ տղամարդիկ՝ հարյուրով մեկի վրա: Ատամը ջարդել էին: Շավարշը տեսածս ամենախիզախ մարդն է: Պատերազմում խիզախությունը ուրիշ է, մի վետերան ասում էր՝ ճակատում, ընկերներ կողքդ, դուխ ես առնում, վախը մահից է մենակ, հենց ընկեր կողքդ չեղավ, դուխաթափ ես լինում: Իսկ Շավարշի ընկերները չկային, կողքը չէին, բանտերում կամ փախած, չգիտես՝ հետները ինչ կանեն, ինքը միայնակ կանգնած ամբողջ իշխանության դեմ՝ պատգամավորներ ու մենթեր, առանց որեւէ աջակցության հույսի, ու վստահ նետում է նրանց երեսին իր մտքինը: Հետո բերին Պարույր Հայրիկյանին, 17 տարի բանտերում նստած մեկը, որ պիտի շատ քաջ եղած լիներ, չդիմացավ նաժիմին, ամբիոնից մեղա էր գալիս:

    Անելանելի ու անհույս վիճակ: Համարձակությունս հավաքեցի, դուրս եկա, ավտոմատից իրավապաշտպան ընկերոջս զանգեցի, տնից չէի կարա՝ տեղս կգտնեին, տեղեկություն էի ուզում իմանայի՝ ո՞ւմ բռնին, ի՞նչ արին, կինը ասեց՝ էլ էստեղ չզանգես: Ես հետախուզման մեջ էի: Հետախուզվողների անունները նույնիսկ օդանավակայանում էր՝ անունս ցուցակի մեջ: Ոստիկանները մեր տունը գնացել էին խուզարկելու, մամաս լուսամուտից կանչել էր հարեւաններին: Տուն էին լցվել, Միշիկը՝ երկու սռոկ նստած քրեական, ոստիկանների ներկայությունից չէր երկնչել, շնչահեղձ հասել էր ասել՝ ի՞նչ եք անում, հասկանո՞ւմ եք ձեր արածը: Ոստիկանները շատ չէին փորփրել, շուտ գնացել էին, հետո պարզվել էր՝ մեկի կինը մամայիս հետ է աշխատում, կնոջը ասել էր, որ ինքը շատ վատ է զգացել: Միշիկը չկա, ինֆարկտից գնաց:

    Ինձ փնտրել էին նաեւ նախկին կնոջս՝ Ռուզանի տանը: 88-ից մինչեւ 93 թե 94 էնտեղ եմ ապրել, տնփեսա: Աներս ասել էր, էդ մարդը բաժանված է, մեր հետ կապ չունի: Հասմիկը մարդ գտավ, որ ինձ փախցնեն Իրան: Համաձայնվել էի: Բայց չփախա, չհասավ դրան, երկու շաբաթից բռնությունները պրծան: ՀՀՇ-ական Դավիթ Շահնազարյանը հեռուստատեսությամբ իշխանության մեթոդները քննադատող ինչ-որ խոսք ասեց, կարծեմ՝ որ պետք է դադարեցվի այս թշնամանքը: Ես հասկացա, որ ամեն ինչ վերջացել է, կրքերը հանդարտվել էին:

    Ես փրկվել էի: Օղորմածիկ նկարիչ Սաշը, որ պաշտպանության համակարգում էր աշխատում, հետագայում ինձ պատմեց, որ ցույցերի վիդեոն նայում էին, ու մի տեղ իմ կերպարանքը հայտնվեց, Վազգեն Սարգսյանը մատով ցույց տվեց ու կարգադրեց՝ սրան բռնեք: Հազիվ առիթ էր հայտնվել հետս հաշվեհարդար տեսնել: Ինձ ատելու հիմքեր ուներ: Սարգսյանն էր երկրի գլխավոր բեսպրեդելշչիկը, նա կարար մարդ ծեծեր, ծեծել տար, ինչ ուզեր, մենք էլ 95-ին «Շրջանում» տպում էինք նրա հրամանով կատարվող բռնությունների մասին: Էլի արխիվը, էլի ներկան կանչում է անցյալը, ապրիլի 21, առաջին էջին երկու արյունլվա կրիշնայականների լուսանկարները: Երկրապահները մտել էին կրիշնայականների տաճար, տղամարդկանց տարել մի սենյակ ու ծեծել երկաթաձողերով. «Խփում էին գլխներին, ձեռքներին, ոտքներին, ընկածներին հարվածում էին ոտքերով: Առանձնահատուկ դաժանությամբ ծեծեցին Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Միխնոյին, որ տաճարում հոգեւոր արարողություն էր կատարում», «Շտապօգնության հիվանդանոցում տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել, Արա Հակոբյանի գլխին վեց կար են դրել»: Արան եկել էր խմբագրություն՝ ձեռքը կապած, վերքերի մեջ, միակ տեղը, ուր կարար օգնություն սպասեր, դատախազություն, ոստիկանություն փակ էին նրանց առաջ, դիմել էին՝ ոչ մի գործ չէին բացել: Մենք ի՞նչ օգնող, նկարը տպեցինք, ինֆորմացիա ու վերջ: Արան գնաց Ամերիկա, հիմա Սիեթլում է, կրիշնայականությունը թողել է: Տպած լուսանկարը օգնե՞ց, որ ապաստան ստանա:

    Վազգենի հրամանով երկրապահները մտել էին 8 կրոնական կազմակերպությունների հավաքատեղիները, հավատացյալներին ծեծել, եղած-չեղածը թալանել: Բայց ամենադաժանը կրիշնայականների հետ վարվեցին: Էլի «Շրջանը». «Մինչ հարձակվողների մի մասը ծեծելով էին զբաղված, մյուսները կողոպուտ էին անում: Կանանց վրայից պոկոտում էին ոսկե զարդերը, խլում էին ձեռքի ժամացույցները, գրպանների փողը, նույնիսկ՝ գրիչներ: Տարվել են համակարգիչ՝ մոդեմով, տպիչ, ֆաքս, տեսախցիկ, լուսանկարչական ապարատ, հեռուստացույց, երկու տեսամագնիտաֆոն, երկու հեռախոս, ձայնագրիչ, ինչպես նաեւ 3000 դոլար»:

    «Շրջանի» մայիսի 15-ի համարում՝ «Ութ հավատացյալներ, որոնք ձերբակալված էին եւ պահվում էին զինվորական ոստիկանությունում, ազատ արձակվեցին»: Տեղեկություն, որ Հայ ավետարանական եկեղեցու պատվելի Ռենե Լեւոնյանը զինվորական ոստիկանություն է դիմել՝ իրենց համայնքի ձերբակալված անդամի մասին տեղեկություն ստանալու համար: Ստացած ձեռագիր պատասխանի լուսապատճենը չորրորդ էջում. «Տեղեկանք, Թորոսյան Դավիթ Հովհաննեսի, 1966թ. ծնված, բնակվում է Երեւան, Լենինգրադյան փ.52/75: Զ/Ո զենքի ուժով բերման է ենթարկվել 23.04.95թ. ԵրԵվանի Շահումյանի շրջանի Երկրապահ միության նախագահ Բարսեղյան Ս.-ի կողմից: Բերման է ենթարկվել որպես հավատացյալ: Մայոր Հ. Հովհաննիսյան 25.04.95»:

    Վազգենը գժվում էր, որ գրում էինք շուրջկալների մասին: Ի՞նչ էր դա՝ «Շրջանը» պատմում է. էլի ապրիլի 21-ի համարում, վերնագիրը՝ «Ապրում ենք մարդաորսից մարդաորս», տակը. «Խորհրդային շրջանի ժարգոնում հավլաբ (օբլավ) էին կոչվում ոստիկանության շուրջկալները թաղամասի հանցագործներին ձերբակալելու համար: Այժմ հավլաբը մտել է բազմաթիվ ընտանիքներ, որոնք ունեն չափահաս տղաներ: 94 թվի գարնանից սկսված շուրջկալներով մարդաորսը երեք ամիսը մեկ կրկնվում է, ոստիկանության եւ զինկոմիսարիատի աշխատակիցները շրջապատում են կայարանները, կանգառները, շուկաները, մետրոն ու որսում բոլոր տղամարդկանց»: Եռամսյա հավաքներն էին, տղամարդկանց՝ ուղիղ ճակատ: Պատերազմը կապ չուներ, իրանց մեթոդն էր, պատերազմի ամենաթեժ ժամանակ, 92-93 թվերին, երբ հայերը հաղթեցին, ի՞նչ շուրջկալ, նման բաներ չկային, չկար նաեւ Վազգեն Սարգսյան, մարդիկ ծանուցումը ստանում էին, գնում էին բանակ, հետո սկսեցին տներից հավաքել, վերջում, 94-95-ին՝ շուրջկալներ: «Շրջանը» բերում էր օրինակներ. «Մ-ն արդեն մեկ տարի է, իրեն դարձրել է կալանավոր բարեկամի տանը եւ հազվադեպ է տնից դուրս գալիս: 70 տարեկան հայրը ամեն օր ճաշ է տանում տղային: Երբ հունվարյան զորահավաքն արդեն վերջացել էր, նրան հանդիպեցի կերակուրով ցանցը ձեռքին: Ասեցի, որ տղան կարող է արդեն տնից դուրս գալ, քանի որ զորահավաքը վերջացել է. «Ի՞նչ ես ասում, այս զորահավաքները վերջ չունեն: Երեկ նավթի հերթից մի տղայի ձեռքերը ոլորեցին ու տարան»: Ո՞վ էր էս մարդը: Նկարիչ Կարլեն Հացագործյանը՝ մամայիս դասընկերը, հիմա 82 տարեկան է, տնից չի կարողանում դուրս գալ, Լեւոնի վերադարձի մասին լսել էր, վատացել: Մի ուրիշը. «Ես մետրո արդեն մի տարի է չեմ մտում, երբ շարժասանդուղքով իջնում եմ, թվում է, թե կամավոր բանտարկության եմ գնում, ուր որ է դիմացս կփակեն: Իսկ փողոցում համազգեստով մարդ եմ տեսնում՝ ճամփես փոխում եմ»: Ո՞վ է: Չէ, չարժի ասել, հիմա բիզնեսով է զբաղվում: Ու էլի օրինակներ, մի ուրիշը մարդաորսից փրկվելու համար փախել է ԱՄՆ: «Շրջանի» ապրիլի 14-ի առաջին էջին՝ կոլաժ, սովետական պլակատ՝ զինվորը, ատրճանակը վեր պարզած, առաջ է գնում, հետեւի պլանում նախիր, մակագրությունը՝ «ԶՈՐԱՀԱՎԱՔ. 18-45 տարեկան տղամարդկանց մթերումը շարունակվում է»: Գողացվածները՝ թնդանոթի միս, շատերը սկի կյանքում զենք չբռնած՝ առաջին գիծ էին գցվում: Լինում էր, հարազատները չէին իմանում, թե ուր է կորել մարդը, մի քանի օրից դիակն էին ստանում:

    «Շրջանի» տերը՝ Սամվել Շահինյանը, զգուշացրեց, որ անվտանգության խորհրդում որոշել են հարձակում գործել խմբագրության վրա, մի շաբաթ գործի չգնացինք: Հզոր Վազգեն Սարգսյանը, իրա խոսքն էր՝ մեր դեմ խաղ չկա, իսկ նախագահ ԼԵվոն Տեր-Պետրոսյանը ԱԺ-ում ընդդիմությանն ասել էր՝ դուք բոլորդ չարժեք Վազգեն Սարգսյանի ճկույթը: Այդ ճկույթը մի օր էլ թռցրեց Տեր-Պետրոսյանին, որ այսօր նա կրկին վերադառնա Վազգենի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ:

    Իսկ 96-ին բռնել էին հարյուրներով: Իշխանություն փոխե՞լ: Առռը քեզ: Պատգամավոր Դավիթ Վարդանյանին, ոտքերն ու ձեռքերը կապած, ծեծել էին, ազատվելուց հետո ասում էր, որ ծեծելու մի քանակ կա, երբ էլ ցավին ցավ չի ավելանում, բայց չէին բավարարվում, ծեծում էին անընդհատ: Աեմնադաժան ծեծողն էր գաղութների վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը, որին Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ճառում ներկայացնում է որպես այս իշխանությունների կողմից ճնշված: Ճիշտ է, Սաղաթելյանին հեռացրին աշխատանքից, նստացրին դատեցին: Վազգենի ախպորը՝ Արամ Սարգսյանին, վարչապետի պաշտոնից հանեցին, վազգենականների մի մասը հարմարվեց, մնաց իշխանության մեջ, մի մասը՝ չէ, միացավ սպարապետի եղբորը ու հեռացվեց: Սաղաթելյանը չհարմարվածն էր, ու վրան քրեական գործեր բացեցին: Նույնիսկ մի սպանություն բացահայտեցին, թերթերը գրեցին, որ մի կալանավոր է գնդակահարել: Բայց դատեցին ուրիշ հանցանքների համար: Իրավապաշտպանները Սաղաթելյանին քաղկալանավոր էին ներկայացնում, այսինքն՝ քրեական գործի տակ իրական պատճառը քաղաքական էր: Հենց այս դեպքի համար է Սիորանի խոսքը. «Մենք պիտի ցանկացած հանգամանքում ճնշվածների կողմից լինենք, նույնիսկ երբ նրանք իրավացի չեն, բայց չպիտի մոռանանք, որ նրանք հունցված են նույն ցեխից, ինչ իրենց ճնշողները»: Ասում էին, որ Կիմ Բալայանի ծեծված մարմինը վիդեոյով նկարել էին, տարել ցույց տվել վերնախավին, նայել էին ասել՝ արյուն չկա, էլի ծեծեք: Ծեծողները մի քիչ խղճով էին եղել, տոմատի հյութ էին քսել Կիմի վրա, նկարել, թե իբր արյունոտվել է: Իշխանությունները հանգստացել էին: Կիմը պատգամավոր չէր, դաշնակ էր, յոթ ամիս նստեց, դատեցին ու նոր ազատեցին: Հիմա Սահմանադրական դատարանի դատավոր է:

    Ընկերս՝ Վահե Վարսանյանը, սեպտեմբերի 26-ին միամտաբար իջել էր քաղաք, կարծում էր, թե ցույցերը կշարունակվեն, բռնվել էր, լավ ծեծել էին, նա էլ 8 ամիս նստեց, դատվեց: Հիմա դեղի բիզնեսով է զբաղվում, գործերը վատ չեն:

    Դասընկերս՝ Հովիկը, քաղաքականության հետ կապ չուներ, ծրագրավորող էր, բայց նա էլ անցավ 96-ի բռնություններով: Տեսնես հիմա ո՞ւր է: Լեւոնի ելույթը հիշեցրեց Հովիկին, պարզվեց՝ ԱՄՆ-ում է, նրա mail-ը գտա, նամակ գրեցի, ի՞նչ էր եղել իր հետ 96-ին, պատասխանեց. «Խոսակցություններ կային, որ ընդդիմության բոլոր առաջնորդներին բռնել են, ես աշխատում էի Արմինպեքս բանկում, ԱԻՄ-ի գրասենյակի մոտ էր, ասի՝ մի հատ մտնեմ տեղեկություն ստանամ: Մի քանի զինվոր կալաշնիկովով մուտքի մոտ կանգնած էին: Նրանք ինձ ներս թողեցին առանց պրոբլեմի: Նրանք բոլորին ներս էին թողնում, բայց ոչ մեկին դուրս չէին թողնում: Այնտեղ կային ԱԻՄ-ի մի տասնհինգ անդամ: Պատգամավոր Արամազդ Զաքարյանը ասում էր՝ դուք չեք կարող ինձ ձերբակալել, ես պատգամավոր եմ: Նրան սկսեցին ուժեղ ծեծել, կալաշնիկովով քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց կալաշնիկովով ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչ-որ շենք (ոստիկանության վեցերորդ բաժին): Մենք կարծես վտանգավոր հանցագործներ էինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին: Ես մտածում էի՝ մի ժամ առաջ ազատ մարդ էի ու ոչ մի վատ բան չէի արել, իսկ հիմա բանտում եմ, ինձ անասունի նման են վերաբերվում ու ծեծում են, ինչի՞ համար: Մենք էնտեղ մնացինք էդ դիրքով մի քանի ժամ: Ես հիշում եմ, որ զինվորներից մեկը ասում էր մյուսին. «Ես լավ կայֆի տակ էի, հիմա եկել եմ ստեղ էս ապուշների համար»:

    Նրանք մեզ տարան դատարան ու մոտ վեց ժամ պահեցին: Այնտեղ շատ բանտարկված տղամարդիկ կային: Մի ծեր մարդ կար, որին շատ ուժեղ ծեծել էին: Հետո դատավորը կարդաց դատավճիռը, ու մեզ տարան բանտ: Ես մնացի էնտեղ տասը օր: Մի քանի օր հարազատներս չգիտեին՝ ուր եմ: Ուտելիքը շատ վատն էր: Մեզ երկու անգամ էին կերակրում՝ առավոտը տասնմեկին ու ցերեկը մեկին (հա, հա, կերակրաժամերի մեջ տարբերությունը երկու ու քսաներկու ժամ էր): Նախաճաշը մի կտոր հաց էր ու մի բաժակ թեյ, երկրորդն էլ՝ էլի նման բան: Էս դեպքերից մի քանի շաբաթ անց ես գնացի ԱՄՆ: Սիրտս կոտրվել էր
    »:

    Նամակը ինչի՞ էր անգլերեն գրել: Պավիչը մի հերոս ունի՝ մայրենի լեզուն ուզում է մոռանալ, սերբերենը, էնքան է ուզում, որ ձեռնարկ է գրում: Մայրենի լեզուն մոռանալու ձեռնարկ: Իմ մտքով էլ էր մի պահ անցել մոռանալ հայերենը, բայց մտքովս չի անցել վեպ գրեմ: Պավիչին կարդացի, ասի՝ մալադեց: Գրողը հենց նա է, որ մեր մտքով անցածները մեր տեղը գրի:

    Հովիկին նստացրել էին նույն սարքած մեղադրանքով, ինչով 2003-2004 թվերին ընդդիմության մոտ 600 համախոհներից շատերին՝ զազրախոսել ոստիկանի հետ:

    Հիմա էլ «Այժմը», սեպտեմբերի 27-ից հետո դուրս եկած առաջին համարը՝ հոկտեմբերի 4-ին: Ո՞նց էր տպվել՝ չգիտեմ: Ձերբակալվածների ցուցակը՝ 27 հոգի, հետո՝ «Հետապնդվում են ձերբակալման նպատակով» ու՝

    6. Արամազդ Զաքարյան- ԱԻՄ-ի ղեկավարության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ձերբակալվել է, ծեծվել դաժանորեն, սեպտեմբերի 28-ին արձակվել, հիվանդանոցում է ծանր վիճակում,

    10. Վահան Իշխանյան- «Այժմ»ի թղթակից:

    Խի՞ էս թերթը չառա ու չթռա Եվրոպա, տեղում քաղաքական ապաստան կստանայի: Ռուզանից դեռ պաշտոնապես չէի բաժանվել, ինքը Պրագայում էր, «Ազատությունում» էր աշխատում, ես էլ էի էնտեղ, 3,5 ամիս մնացի, հիմարաբար թողի հետ եկա, էլ իրար հետ չէինք կարում ապրենք: Խի եմ ասում, անձնագրիս մեջ Չեխիայի մի տարվա վիզան խփած էր, երբ ուզեի՝ կարայի գնայի: Հեշտ, իջնում եմ թերթը ձեռիս ու դիմում Կարմիր խաչին՝ ես հալածվել եմ իմ քաղաքական հայացքերի պատճառով: Որ Լեւոնը վերադառնա, էս թերթը էլի ուժ կստանա՞: Արխիվները չարժի ոչնչացնել:

    Իսկ Արամազդը գնաց: 2004-ին էլի կալանավորվեց, էս անգամ Քոչարյանը նստցրեց: Երկու ամիս: Բռնել էին, որ ասել էր՝ «հանրապետության նախագահը շնչավոր առարկա է», «իշխանությունը բռնազավթած ավազակախումբը»: Իմ «Հաշվեհարդար» գրքում մի գլուխն է «Արամազդ Զաքարյան. նախագահին վիրավորել է 2» (երեք հոգի վիրավորելու մեղադրանքով էին նստել): Գլխի վերջում գրված է. «Նա (Հասմիկը՝ Արամազդի կինը) միակ ելքը տեսնում է Հայաստանից հեռանալու մեջ, սակայն Արամազդը կտրականապես դեմ է. «Թող իրենք գնան, ես գնացողը չեմ»: Հիմա կարծեմ ընտանիքով Անգլիայում են:

    Ընտրություննե՞ր, ժողովրդավարությո՞ւն, իշխանություն փոխե՞լ: ճիվերս՝ կասեին ախպարները, խեռս՝ կասեինք մենք. հարցերի պատասխանը, որ տվեց 96-ը:

    Մարդ կա՝ մոռանում է, ուզում է մոռանա, Լեւոնը հայտնվել է, ուզում է շանս տեսնի փոփոխության: Ես՝ հակառակը, կմոռանայի, եթե չհայտնվեր Լեւոնը: Հիշեցնում է դոսիես: Հիմա ստիպված հիշում եմ անցյալը, բայց ինձ վաղվա օրն էր հետաքրքրում, մտածում էի՝ թե ինչպե՞ս կվերանա ռեժիմը, մարդ ազատություն ստանա, «դոսիեներ» չլինեն, ու սվոյ ու չուժոյը վերանա, նախաձեռնության հնարավորություն ստանանք սաղս՝ բիզնես, թերթ, ի վերջո լրագրող ես, էլ ուշ է, մասնագիտություն չես փոխի, երկրից էլ դժվար գնաս, ուզում ես անկախ, քաղաքական խմբերից չվերահսկվող մամուլ լինի, մամուլը դառնա բիզնես, ու նորմալ աշխատավարձ ստանաս: Ճիշտ ա, վատից-լավից «Արմենիանաուում» ես, բայց էն չի, օն-լայն թերթ ու առանց հեռանկար: Հեռուստատեսությունները անկախանան, ով գիտի, մեկ էլ տեսար՝ տելե մտնես, մի անգամ շանս կար, ուզել էին «Պրոմեթեւսում» գործի ընդունեն, Ռուբեն Գեւորգյանցը զանգեց հրավիրեց: Բայց ինքը չէր որոշողը: Տնօրենը Արմեն Սմբատյանն էր՝ հիմա Ռուսաստանում դեսպան: Կոնսի ռեկտորն էր էն վախտ, գնացի մոտը, տասը անգամ ասեց՝ նյութերը պիտի լինեն նա տառմազախ, նա տառմազախ, հա էդ էր ասում ու ափերը դեմ արած դանդաղ առաջ բերում: Ասի՝ հա, տոռմուզով կլնեն, իհարկե տոռմուզով, բայց չընդունեց: Տոռմուզներիս, մեկ ա, չվստահեց: Չի փոխվելու: ԶԼՄ-ները հասան նրան, որ մի երկընտրանք առաջանա՝ Լեւոն, թե Սերժ: Ես ընտրություն չունեմ: Ես հիմա ուրիշ բան եմ մտածում, հանկարծ անցյալը չվերադառնա:

    Աղբյուր՝ Inknagir.org
    [/spoiler]
    - В этом гостиница Я директор!

  2. #2
    Он самый Artak's Avatar
    Join Date
    Sep 2008
    Location
    Ереван-Торонто
    Posts
    1,378

    Default Re: Առանց ընտրության (Վահան Իշխանյան)

    Հետո բերին Պարույր Հայրիկյանին, 17 տարի բանտերում նստած մեկը, որ պիտի շատ քաջ եղած լիներ, չդիմացավ նաժիմին, ամբիոնից մեղա էր գալիս:
    Երեւի ամենադաժան կտորը: Մարդը, որը ամբողջ կյանք պայքարել էր սովետական ռեժիմի դեմ. 17 տարի նստել անկախ Հայաստանի համար, հանկարծ հասկացել է, որ իր անկախ Հայաստանն իր դեմ նույն մեթոդներն է կիրառում: որ մեջքից են դանակը խրել ...
    - В этом гостиница Я директор!

Bookmarks

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •