Արաբների "համբառնման օրը" կամ ինչպես ազդեցին հայերը մահմեդականների հավատալիքների վրա

636 օգոստոսի 20-22 – Յարմուք գետի ճ-մ (Հորդանանի արևելյան վտակ)

"Օգոստոսի 21-ի այդ օրը, երբ 700 արաբ մուսուլմաններ համբառնեցին հայկական նետերից, մնաց արաբների հիշողության մեջ որպես "համբառնման օր""

Օ. Բոլշակով


Թեոդոր Սակելլիոսի, Վահան Մամիկոնյանի, Գրիգոր Հայի, կայսորդի Կոստանդինի, Կանատիրի և Արդիգանի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 48.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 11.400) մոտեցան Արաբական խալիֆության բանակին (35.000) և ճամբարեցին: Արաբական խալիֆության բանակը, միանալով Երուսաղեմից նահանջած ջոկատի հետ, ստանալով համալրումներ, բայց այնուհանդերձ քանակապես զիջելով թշնամուն, հարմար դիրքեր գրավեց և որդեգրեց սպասողական մարտավարություն` ձախում ունենալով Յարմուք գետի կիրճը, իսկ ճակատում` մի փոքրիկ վտակ:
Օգոստոսի 20-ին բյուզանդական բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները դուրս եկան ճամբարից ու մարտակարգ ընդունեցին: Աջ թևի ղեկավարումը հանձնվեց Կանատիրին, ձախինը` Արդիգանին, իսկ կենտրոնում տեղավորված Հայկական բանակինը` Գիրգոր Հային: Բանակի ընդհանուր ղեկավարությունն իրականացնում էին Վահան Մամիկոնյանը և Թեոդորը: Վերջինս, սակայն, չլինելով զինվորական, իր հակասական ու անմիտ հրամաններով խանգարում էր Վահանին:
Արաբական խալիֆության բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, ընդ որում աջ թևում հարավարաբական, իսկ ձախում` հյուսիսարաբական ցեղերինը: Երկրորդ շարքում` թևերի ու կենտրոնի հետևում, տեղաբաշխված էին երեք հեծելազորային ջոկատներ: Եվս մեկ հեծելազորային ջոկատ թողնվեց պահեստազորում:
I փուլ – Վաղ առավոտյան բռնկվեց հանդիպակաց հեծելազորային մարտ, որը առավելություն չտվեց կողմերից ոչ մեկին:
II փուլ – Կեսօրին քրիստոնյաների բանակի ձախը երկու անգամ հարձակվեց թշնամու աջի վրա, բայց այդ հարձակումները ետ մղվեցին:
III փուլ – Օրվա երկրորդ կեսին քրիստոնյաների բանակի ձախը կրկին անցավ հարձակման ու ի վերջո փախուստի մատնեց թշնամուն: Վերջինիս, սակայն, հաջողվեց նահանջել կենտրոնի հետևում գտնվող ճամբար ու օգնության հասած պահեստազորի հեծելազորի օգնությամբ այնուհանդերձ ետ մղել թշնամու ռազմիկներին, որոնց խիստ նեղում էր նաև անապատի փոշոտ քամին և ուղիղ դիմացից ճառագող արևը: Բռնկված մարտում զոհվեց Կանատիրը: Միաժամանակ մյուս թևում բռնկված համառ մարտում ևս արաբները ետ մղեցին հակառակորդին:
IV փուլ – Արաբական խալիֆության բանակը իր աջում և կենտրոնում անցավ հզոր հարձակման, որը թեև ետ մղվեց, բայց այստեղ արդեն օրվա վերջում սպանվեց Գրիգոր Հայը:
V փուլ – Հաջորդ օրը առավոտյան քրիստոնյաների բանակը հուժկու հարված հասցրեց հակառակորդի կենտրոնին և սկսեց ետ մղել թշնամուն:
VI փուլ – Իրադրությունը փրկելու համար արաբական հեծելազորը կենտրոնում անցավ հակահարձակման և ետ մղեց հակառակորդին: Սակայն, այն բանից հետո, երբ վերջինս փորձեց զարգացնել հարձակումը, ընկավ Հայ հետևակ նետաձիգների հզոր հարվածի տակ և, կորցնելով 700 հեծյալ, ետ շպրտվեց :
VII փուլ – Օրվա երկրորդ կեսին քրիստոնյաների բանակը ծանր հետևակի ուժերով կրկնեց հարվածը թշնամու կենտրոնին, սակայն համառ մարտից հետո այդ հարձակումը ևս ետ մղվեց:
VIII փուլ – Օգոստոսի 22-ին խոշոր համալրում (մոտ 15.000) ստացած Արաբական խալիֆության բանակը անցավ հարձակման ողջ ճակատով: Արդյունքում, շնորհիվ հակառակորդի աջում գտնվող քրիստոնյա արաբների դավաճանության, ինչպես նաև կենտրոնում տեղաբաշխված Հայ հետևակ նետաձիգների գործողությանը լրջորեն խանգարող ուժեղ հակադարձ քամու և դիմացից ճառագող արևի, Արաբական խալիֆության բանակին ի վերջո հաջողվեց ճեղքել հակառակորդի շարքերը ու դուրս գալ նրա թիկունք:
IX փուլ – Բյուզանդական բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները պարտություն կրեցին ու դիմեցին փախուստի:
Հայերը կորցրին մոտ 6.000 զինվոր, որոնց թվում զոհվեց Գրիգոր Հայը, դաշնակիցը` մոտ 24.000, թշնամին` մոտ 14.000 զինվոր: Վահանը փոքրաթիվ ուղեկիցներով հեռացավ մարտի դաշտից, թողեց ծառայությունը կայսերական բանակում, սակայն այդպես էլ այլևս երբեք Հայրենիք չվերադարձավ: